ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 240 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
2012 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1692.3 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին ակտիվները ՝ազատ փոխարկելի արժույթով, կազմել են 1685.6 մլն ԱՄՆ դոլար: Մնացյալ 6.7 մլն ԱՄՆ դոլարը պահվել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի SDR-ներում (Special Drawing Rights):
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ համախառն միջազգային պահուստները նվազել են շուրջ 12%-ով կամ 240.2 մլն ԱՄՆ դոլարով:
Նշենք, որ 2011 թվականի վերջի դրությամբ, ըստ վերանայված տվյալների, մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել են 1932.5 մլն ԱՄՆ դոլար:
SDR-ը (ՀԻՓ, հատուկ փոխառության իրավունք) ԱՄՀ-ի պահուստային եւ փոխհաշվարկային արհեստական միջոցն է: Այն ստեղծվել է 1969 թվականին և հատկացվում է երկրների պահուստների համալրման, ԱՄՀ-ի վարկերի դիմաց վճարումների կատարման և վճարային հաշվեկշիռների սալդոյի կանոնակարգման համար։