2013Թ.-ԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՏԿԱՑՎԻ 1.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 841 մլն դրամ, որը 344 մլն դրամով ավել է 2012 թվականին տրամադրված գումարից:
Ինչպես ՀՀ Ազգային ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ հաջորդ տարի նախարարությանը հատկացվելիք միջոցներից 150 մլն դրամն ուղղվելու է «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրին, 50 մլն դրամը՝ «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրին:
«Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրին հատկացվելու է 14,3 մլն դրամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրին՝ 80 մլն դրամ, «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացում» ծրագրին՝ 164 մլն դրամ, «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրին՝ 264 մլն դրամ, «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրին՝ 300 մլն դրամ, «Հավատարմագրման համակարգի բարեփոխում եւ հավատարմագրման ազգային մարմնի ստեղծում» ծրագրին՝ 14 մլն դրամ: