Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կապ ունենալու մասին։
Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ։
«Հաշվի առնելով Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին․
Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիաբանկի բաժնետեր։
Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:
Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։
Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։
Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։
Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»,- գրել է Առաքելյանը։