
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ՎԵՐԱԹՈՂԱՐԿՎԵԼ Է
ՀՀ Էներգետիկայի և Բնական Պաշարների Նախարարությունից տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ, նոյեմբերի 27-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերաթողարկվել է և միացել հանրապետության էներգաարտադրության ցանցին:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր սեպտեմբերի 15-ին՝ կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Կապիտալ նորոգումն իրականացվում է 4 տարին մեկ անգամ:
Ի տարբերություն պլանային վերանորոգման, որն իրականացվում է ամեն տարի, կապիտալ վերանորոգումն ավելի երկար ժամանակ է պահանջում, քանի որ այս դեպքում ռեակտորի վառելիքն ամբողջությամբ դատարկվում է և իրականացվում են մի շարք կարևորագույն աշխատանքներ:
Այս ընթացքում իրականացվել են ՀԱԷԿ-ի ռեակտորի իրանի ստուգման, երրորդ տուրբոգեներատորի հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև՝ ամբողջությամբ ներդրվել են ծրագրով նախատեսված անվտանգության միջոցառումները: