ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ
Եվրամիության անդամ 27 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են եկել և որոշել ընդլայնել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) լիազորությունները: Արդյունքում, Եվրոպական կենտրոնական բանկը իրավունք կստանա համընդհանուր և ուղղակի վերահսկողություն իրականացնել Եվրոգոտու տարածքում գործող բոլոր բանկերի նկատմամբ: Նախատեսվում է, որ այս նոր կարգն ուժի մեջ կմտնի 2013 թվականի ընթացքում:
Ենթադրվում է, որ սա կլինի առաջին քայլն՝ ուղղված եվրոպական բանկային միության ստեղծմանը:
Նշենք, որ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ ԵԿԲ լիազորություններն ընդլայնելու և եվրոպական բանկային միություն ստեղծելու նախաձեռնությունը կարևոր է եվրոպական միասնական արժույթի դիրքերի պահպանման համար և հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով ապահովել եվրոպական երկրների հարկաբյուջետային ինտեգրումը:
Նախատեսվող բարեփոխումների ծրագիրն ուղղված է թուլացնելու եվրոպական բանկերի և ազգային տնտեսությունների միջև առկա կախվածությունը՝ առավել մեծացնելով ԵԿԲ վերահսկողական գործիքները: