![Հունգարիան կպահպանի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը՝ հակառակ Եվրախորհրդարանի որոշմանը](https://b24.am/pub/uploads/2023/09/agriculture-export-to-russia-1280x720.jpg)
Հունգարիան կպահպանի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը՝ հակառակ Եվրախորհրդարանի որոշմանը
Հունգարիան կպահպանի Ուկրաինայից հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների ներմուծման արգելքը՝ չնայած Եվրախորհրդարանի որոշմանը ևս մեկ տարով երկարաձգել դրանց ներմուծումն առանց մաքսատուրքերի: Այս մասին հայտարարել է Հունգարիայի գյուղատնտեսության նախարարը՝ մեկնաբանելով Ստրասբուրգում եվրոպացի պատգամավորների հանդիպման արդյունքները:
«Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել ուկրաինական գյուղմթերքի անմաքս ներմուծման ժամկետի երկարաձգմանը, ինչն էլ ավելի է բարդացրել իրավիճակը: Հունգարիայի կառավարությունը կպահպանի ներմուծման արգելքը, որը սահմանվել է ազգային իրավասության ներքո»,- նշել է գյուղատնտեսության նախարարը:
Պաշտոնյան պարզաբանել է, որ Եվրախորհրդարանը որոշել է երկարաձգել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի և քվոտաների կասեցումը մինչև 2025-ի հունիսի 5: Այժմ այս քայլը պետք է արժանանա ԵՄ առաջնորդների հավանությանը: