2012Թ.-ԻՆ NOKIA-Ն ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ Է 335,6 ՄԼՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ
2012 թվականի չորրորդ եռամսյակում, վերջին 7 եռամսյակների կտրավածքով առաջին անգամ, բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ֆիննական Nokia ընկերությունն ապահովել է զուտ շահույթ: Այն կազմել է 255 մլն եվրո:
Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության հասույթը կրճատվել է 20%-ով և կազմել 8 մլրդ եվրո, ընդ որում՝ հաշվետու եռամսյակում միայն բջջային հեռախոսների վաճառքից ստացված հասույթը կրճատվել է 35,8%-ով և կազմել 3,8 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային գործառնական շահույթը կազմել է 439 մլն եվրո:
Նշենք նաև, որ ամբողջ 2012 թվականի արդյունքներով Nokia ընկերությունը գրանցել է հասույթի 22% անկում (38,65 մլրդ եվրո): Հաշվետու տարում բջջային հեռախոսների վաճառքից ստացված եկամուտները կրճատվել են 34%-ով և կազմել 15,7 մլրդ եվրո:
2012 թվականին Nokia-ն համաշխարհային շուկայում վաճառել է 335,6 մլն բջջային հեռախոս: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 19,6%-ով: