ՉԻՆԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ
2013 թվականի փետրվարին, վերջին ութ ամսվա ընթացքում առաջին անգամ, Չինաստանում գրանցվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ: Չինաստանի առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 6,32%-ով և կազմել 8,2 մլրդ ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է 1,35%-ով և կազմել 17,48 մլրդ ԱՄՆ դոլար: Հաշվետու երկու ամսում Չինաստանում գրանցվել է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ 2,9 հազար ընկերություն: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 3%-ով:
Հիշեցնենք, որ 2012 թվականի արդյունքներով Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել էին 3,7%-ով և կազմել 111,72 մլրդ ԱՄՆ դոլար: