ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։
Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գործող շինանյութի առևտրով զբաղվող ընկերությունն, ապրանքներ վաճառելիս, չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես նաև դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռքբերվել այն մասին, որ 2022-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 490 միլիոն դրամի իրացման շրջանառություն։
Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։