Եվրոպայում ռուսական հեղուկացված բնական գազի շուկայի մասնաբաժինը շարունակում է աճել
Ռուսական հեղուկացված բնական գազի մասնաբաժինը ԵՄ շուկայում շարունակում է աճել՝ չնայած Եվրոպայում պահանջարկի ընդհանուր անկմանը և Բրյուսելի՝ դրա մատակարարումները սահմանափակելու փորձերին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Էներգետիկ կարգավորիչների փոխգործակցության գործակալությանը:
Զեկույցի համաձայն՝ ԵՄ ներմուծման մեջ ռուսական LNG-ի մասնաբաժինը առաջին կիսամյակում աճել է մինչև 20%՝ նախորդ տարվա 14%-ի դիմաց: Չնայած Ռուսաստանի Դաշնությունն այլևս ԵՄ-ին գազի հիմնական մատակարարը չէ, այնուամենայնիվ, մնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համակարգի կենսական մասը:
Երրորդ եռամսյակում հեղուկացված բնական գազի ընդհանուր ներմուծումը ԵՄ ընկել է մինչև 2021 թվականից ի վեր ամենացածր մակարդակը։ Ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարումները կազմել են 45%, իսկ Քաթարի մասնաբաժինը նվազել է մինչև 12%: Առևտրային հոսքերի փոփոխությունները, այդ թվում՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութիների հարձակումների պատճառով, հանգեցրել են եվրոպական շուկա ռուսական հեղուկ գազի մատակարարումների ավելացմանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների 15-րդ փաթեթն ուղղված է լինելու ռուսական էներգակիրների՝ հիմնականում հեղուկացված բնական գազի արտահանման դեմ։ Եվրահանձնաժողովը կփորձի էլ ավելի սահմանափակել ԵՄ երկրների՝ ռուսական հեղուկացված բնական գազ գնելու հնարավորությունը, որի գնումները նորից սկսել են արագ աճել 2024 թվականին՝ սպասվող նոր պատժամիջոցների ֆոնին, որոնք կհարվածեն բլոկի էներգետիկ ոլորտին: