ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿՍՏԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է խորհրդակցություն՝ շինարարության ոլորտի խնդիրները և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների, Շինարարների միության, նախագծային ինստիտուտների, ինչպես նաև խոշոր կառուցապատող ընկերությունների, միջազգային կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ այս տարի տնտեսությունն աճ է արձանագրել, սակայն շինարարության ոլորտի ցուցանիշները գոհացնող չեն:
«Մեր հանդիպման նպատակն է քննարկել և վերհանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այս ոլորտի զարգացմանը, ինչպես նաև հասկանալ պետական աջակցության հնարավորությունները ոլորտի աճի տեմպերը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը և առաջարկել խմբավորել քննարկման ընթացքում վերհանված խնդիրները, տարբեր ձևաչափերով ճյուղային հանդիպումներ կազմակերպել և քայլ առ քայլ փորձել խնդիրներին լուծումներ տալ: