Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա
Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան այսօր՝ նոյեմբերի 26-ին, պատիվ ունեցան հյուրընկալել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանում իր պաշտոնական այցի շրջանակներում։
Նախագահ Դուդայի այցի առանցքային նպատակներից էր ծանոթանալ Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությանը, դրանց զարգացման ռազմավարություններին, ինչպես նաև ուսումնասիրել Հայաստանի ֆինանսական շուկայի ներուժը՝ հաշվի առնելով, որ 2022 թվականից Հայաստանի ֆոնդային բորսան մաս է կազմում Վարշավայի ֆոնդային բորսայի (GPW) խմբի։
Այցի ընթացքում նախագահը շրջայց կատարեց AMX խմբի գրասենյակում, որտեղ նրան ներկայացվեցին բորսայի և դեպոզիտարիայի ընթացիկ գործունեությունը, հիմնական ծրագրերը և ապագայի տեսլականը։ Նախագահին ուղեկցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ Լեհաստանից, ինչպես նաև Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներ։
Շրջայցից հետո տեղի ունեցավ փակ քննարկում՝ սահմանափակ կազմով, որի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ նոր հնարավորությունները և համագործակցության ընդլայնման հնարավոր ճանապարհները։
AMX խմբի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը իր խոսքում նշեց․ «Վարշավայի ֆոնդային բորսայի հետ մեր գործընկերությունը խթանում է Հայաստանում ֆինանսական շուկաների միջազգային ինտեգրումն ու արդյունավետությունը։ Սա կարևոր քայլ է հայկական կապիտալի շուկայի համար՝ Եվրոպական շուկաների լավագույն փորձի ներդրման և տնտեսական զարգացման խթանման ուղղությամբ»:
Նախագահ Դուդայի այցը ընդգծում է Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարևորությունը։ Լեհաստանի փորձը որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը, կարող է էական դեր ունենալ Հայաստանում ֆինանսական համակարգերի զարգացման գործում։
Այս այցը հատկապես կարևոր է ֆինանսական շուկաների կայունության ապահովման և երկարաժամկետ տնտեսական աճի խթանման համատեքստում։
Հիշեցնենք, որ 2022 թվականին ՀՀ Կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան ստորագրեցին Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի պայմանագիրը։ Այս համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, որոնք նպատակ ունեն ֆինանսական շուկայի զարգացման, ծառայությունների դիվերսիֆիկացման և եվրոպական կապիտալի շուկաներին ինտեգրվելու ուղղությամբ։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը կարևոր փուլ է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման ճանապարհին՝ նշանավորելով ֆինանսական համագործակցության նոր հորիզոնները։
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։