
ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՉԷ ՀՀ-ԵՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստան-Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն ուղղված է հայկական ապրանքների ստանդարտների և չափորոշիչների բարելավմանը, ինչպես նաև արտահանման հետ կապված տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը, սակայն բիզնեսի ներկայացուցիչները քիչ տեղեկություն ունեն կատարվող փոփոխությունների վերաբերյալ։ Նման տեսակետ է հնչել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Այս հանդիպմանը կողմերը հատուկ ընդգծել են Հայաստանի գործարար համայնքի ակտիվ մասնակցության կարևորությունը այդ գործընթացներում։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ տեղեկատվություն տրամադրել համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ և համատեղ ջանքեր գործադրել գործարար համայնքի՝ ի դեմս Առևտրաարդյունաբերական պալատի, նշված գործընթացներում ներգրավվածությունն ավելացնելու ուղղությամբ։
Նշենք, որ ներկայում բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ, որի լիարժեք կիրառման դեպքում Հայաստանը կկարողանա Եվրոպայի հետ առանց մաքսատուրքերի առևտուր իրականացնել։