ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչները քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ուժի մեջ մտնելու պայմանների և առաջին տարվա աշխատանքների ընթացքը, ըստ որի՝ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունունից տեղեկացնում են, որ քննարկման շրջանակներում ընդգծվել է, որ ծրագրի հիմնական նպատակներից է` բարելավել գյուղական համայնքների շուկաների և ծառայությունների հասանելիությունը: Ծրագրով նախատեսված է ճանապարհների վերականգնման աշխատանքները իրականացնել 2013-2017թթ. ընթացքում:
Նախարարության պատասխանատուները կարևորել են ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրներին արագ արձագանքումը, հաստատել են նախարարության պատրաստակամությունը` աջակցելու բանկին և նոր ծրագրի շրջանակներում անել հնարավորը` այն արագ իրագործելու համար:
Ծրագիրը, որի ընդհանուր ֆինանսավորումը 56.2 մլն ԱՄՆ դոլար է, հիմնված է երկու բաղադրիչի վրա` կենսական նշանակության ճանապարհների վերականգնում և ծրագրի կառավարում: