
Հունվարին 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և դրսևորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն ու վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։
Միաժամանակ, Կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2025 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 17.8 մլն դրամի չափով տուգանք:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: