ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 6 ԱՆԳԱՄ
Այս տարվա առաջին երեք ամսում զգալի աճել է Արգենտինայից Հայաստանի տնտեսությունն ուղղվող ներդրումների ծավալը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում արգենտինական ընդհանուր ներդրումները կազմել են 26,9 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 6,7 անգամ: Հատկանշական է, որ Արգենտինայից Հայաստան հոսած ընդհանուր ներդրումներում ուղղակի նեդրումները կազմել են 20% կամ 5,6 մլն ԱՄՆ դոլար:
Արգենտինական ներդրումների զգալի մասը՝ մոտ 25 մլն ԱՄՆ դոլարը, ուղղվել է օդային տրանսպորտի ոլորտ («Զվարթնոց» օդանավակայանի սեփականատերն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է): Միևնույն ժամանակ, Արգենտինայից ներդրումներ են կատարվել Հայաստանի գյուղատնտեսության և շենքերի շինարարության ոլորտներում՝ համապատասխանաբար 1,2 մլն և 1,0 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Հաշվետու ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալով Արգենտինան դարձել է երկրորդ երկիրը՝ Կանադայից հետո: