
Նյու Յորքն ու Նյու Ջերսին 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ակնկալում են 3.3 միլիարդ դոլարի եկամուտ
Նյու Յորք քաղաքն ու Նյու Ջերսի նահանգը ակնկալում են, որ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի անցկացումը կբերի շուրջ 3.3 միլիարդ դոլարի եկամուտ։ Այս մասին նշվում է մրցաշարի կազմակերպման տարածաշրջանային կոմիտեի զեկույցում։
Աշխարհի առաջնության ութ հանդիպում՝ ներառյալ եզրափակիչ խաղը տեղի կունենան Նյու Ջերսիում գտնվող MetLife Stadium մարզադաշտում։ Իշխանությունները կանխատեսում են, որ մարզադաշտ այցելելու է մոտ 1.2 միլիոն զբոսաշրջիկ և երկրպագու, ինչի արդյունքում տարածաշրջանում սպառողական ծախսերը կաճեն շուրջ 1.7 միլիարդ դոլարով։
Բացի այդ, աշխատանքի շուկայում վերելքը՝ պայմանավորված 26 հազար նոր աշխատատեղերի ստեղծմամբ, տնտեսությանը կբերի հավելյալ մոտ 1.3 միլիարդ դոլար։
Նախատեսվում է, որ շուրջ 432 միլիոն դոլարի լրացուցիչ եկամուտ կմտնի տեղական բյուջե հարկերի և վճարների տեսքով։
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի 16 քաղաքներում։ Առաջին անգամ առաջնությանը կմասնակցի 48 հավաքական։