ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումներն աճում են ռեկորդային տեմպերով: Ընթացիկ տարվա հունիսին օտարերկրյա ներդրողները Չինաստանի տնտեսությունում կատարել են 14,4 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը շուրջ 20%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսում գրանցված ցուցանիշը:
Չինաստանի Առևտրի նախարարության փոխանցմամբ՝ երկրի տնտեսությունում օտարեկրյա ներդրումների աճի նման բարձր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 2011 թվականի մարտին:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Չինաստանի տնտեսությունում օտարեկրյա ներդրումները կազմել են 62 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4,9%-ով:
Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների աճը պայմանավորված է ներդրողների այն վստահությամբ, որ Չինաստանի տնտեսությունն առաջիկայում կգրանցի լավ ցուցանիշներ:
Նշենք նաև, որ Չինաստանի տնտեսության խոշոր ներդրողներն են ԱՄՆ-ն, Եվրոպան և Ճապոնիան: Ներդրումները հիմնականում ուղղվել են ծառայությունների և արդյունաբերության ոլորտներ: