
Հունգարիայի ԱԳՆ-ն մատնանշել է պատժամիջոցների ակնհայտ ձախողումը
Բրյուսելի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ավելի մեծ վնաս են հասցրել եվրոպական տնտեսությանը, քան ռուսականին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործ նախարար և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի կողմից հայտարարված բոլոր 18 փաթեթները հենց այսպիսի հետևանք են ունեցել։ Սիյարտոն ընդգծել է, որ նույնիսկ իր եվրոպացի գործընկեր-նախարարները ընդունում են, որ սահմանափակումները չեն աշխատել այնպես, ինչպես ենթադրվում էր։ Այս կապակցությամբ նա քննադատել է ԵՄ դիրքորոշումը, որի ղեկավարները՝ փոխանակ 18 անգամ անարդյունավետ քայլը դադարեցնելու, հույս ունեն հաջողության հասնել 19-րդ փորձով։
Օգոստոսի վերջին հաղորդվել էր, որ Հունգարիան բողոքարկել է Եվրոպական դատարանում ԵՄ-ի որոշումը՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաբերյալ։ Բուդապեշտը պահանջել է չեղարկել այն կարգադրությունները, որոնցով նախատեսվում է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային օգնություն ֆինանսավորելու համար, քանի որ որոշումը կայացվել է առանց Հունգարիայի կարծիքը հաշվի առնելու։