
Միջազգային փորձագետները վերապատրաստում են ՊԵԿ շնագիտական կենտրոնի մասնագետներին
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժին-կենտրոնի աշխատակիցների համար Երևանում հոկտեմբերի 6-ից 17-ն անցկացվում է հրահանգիչների վերապատրաստում` մոլդովացի փորձագետների հետ համատեղ: Մոլդովացի փորձագետների մասնակցությունն ապահովվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի և Մոլդովայի գրասենյակների համատեղ աջակցությամբ՝ գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով։
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մասնակիցները տեսական ու գործնական պարապմունքերի միջոցով քննարկվելու են թմրանյութերի և այլ իրերի հայտնաբերման, շների հնազանդության և որոնման մեթոդների կարևորությունը:
Տասնօրյա դասընթացի օրակարգում ներառված են տեսական պարապմունքներ` թմրամիջոցների որոնման բարդ սցենարներ։ Ուսումնասիրվելու են սահմանային անցակետում տեղանքի և տրանսպորտային միջոցների զննման մեթոդները, ծխախոտային արտադրատեսակների և արժույթների բացահայտումը, խաչաձև ուսուցման սկզբունքները, ինչպես նաև թմրամիջոցների բնութագրերն ու թաքցնելու մարտավարությունը։ Դասընթացների ավարտին հարցուպատասխանի միջոցով կամփոփվեն ուսումնասիրված ամբողջ նյութերը:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը, կարևորելով նման դասընթացների անցկացումը ընդգծել է, որ մասնակիցներն արդյունքում համապարփակ պատկերացում կունենան ուսումնական բոլոր մոդուլների մասին, ինչպես նաև պատրաստ կլինեն արդյունավետորեն կիրառել ստացած նոր գիտելիքներն ու հմտությունները:
Մոլդովացի մասնագետները բարձր են գնահատել ՊԵԿ շնագիտական կենտրոնի գործունեությունը և շեշտել, որ այն ոչնչով չի զիջում առաջադեմ երկրներում գործող նմանատիպ կենտրոնների չափանիշներին:
ՊԵԿ շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների ծառայողական շներ, որոնք մասնագիտացած են հիմնականում թմրանյութերի, թութունի, հոգեմետ դեղերի, թղթադրամների հայտնաբերման գործում։ Շնագիտական կենտրոնում ներդրված է նաև մաքրացեղ շների բուծման համակարգը։
Նշենք, որ նախաձեռնությունն իրականացվում է «Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» (EasTnT) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Կառավարության և իրականացվում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։