
Կրիպտոշուկան՝ Դաշնային պահուստների համակարգի տոկոսադրույքի նվազեցումից հետո. Ինստիտուցիոնալ ազդակներ և տարածաշրջանային համատեքստեր
Շուկայական կապիտալիզացիայի աճ և հետաքրքրության վերադարձ բիթքոյնի հանդեպ
2025 թվականի սեպտեմբերը դարձավ շրջադարձային կրիպտոարժույթների շուկայի համար։ Գործնականում մեկ տարվա դադարից հետո ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրեց հիմնական տոկոսադրույքը, ինչն առաջացրեց հետաքրքրության աճ ռիսկային ակտիվների նկատմամբ։ Կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան աճեց 4.3%-ով, իսկ բիթքոյնի բաժինը հասավ 58.1%-ի՝ արտացոլելով կապիտալի հոսք դեպի առավել լիկվիդ ակտիվներ։
Գրաֆիկ 1. Կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիայի դինամիկան ըստ ամիսների
Ներդրողները տոկոսադրույքի նվազեցումն ընդունեցին որպես ազդանշան՝ վերականգնելու ակտիվ դիրքերը։ ԴՊՀ նիստից հետո դիտվեց բնորոշ «sell the news» արձագանքը․ կարճաժամկետ աճին հաջորդեց շտկում։ Այնուամենայնիվ, տրամադրությունները մնում են չափավոր դրական․ շուկան սպասում է դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման՝ թեև ավելի զգուշավոր տեմպերով։
Նախապատվությունների փոփոխություն․ ինստիտուցիոնալ կապիտալը վերադառնում է բիթքոյնին
ETF-ների հոսքերը ցույց տվեցին հստակ վերաբաշխում․ բիթքոյն ETF-ները ներգրավեցին 2.56 միլիարդ դոլար, մինչդեռ Ethereum ETF-ներից դուրս հոսեց 389 միլիոն դոլար։ Սա վկայում է ինստիտուցիոնալ ներդրողների զգուշավորության մասին․ նրանք ընտրում են այն ակտիվները, որոնք առավել դիմացկուն են արտաքին ռիսկերին։
Այս միտումն առավել ակնհայտ է ԱՄՆ-ում նոր ETF-ների շուրջ ընթացող քննարկումների ֆոնին․ ներկայումս ավելի քան 90 հայտ է գտնվում դիտարկման փուլում՝ ներառյալ Solana-ի և XRP-ի վրա հիմնված պրոդուկտները։ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) ընդունած պարզեցված լիսթինգի ընթացակարգը կրճատել է հաստատման ժամկետը մինչև 75 օր, ինչը մոտեցնում է թվային ակտիվների շուկան ավանդական ֆոնդային ոլորտի մեխանիզմներին։
Գրաֆիկ 2. ԱՄՆ-ում հաստատման սպասող կրիպտո ETP-ների քանակը
Տարածաշրջանային շուկաների, այդ թվում՝ Հայաստանի համար, այս գործընթացը կարևոր ցուցիչ է․ կրիպտոինդուստրիայի ինստիտուցիոնալացումը բարձրացնում է վստահությունը ոլորտի հանդեպ, իսկ ներդրողների հետաքրքրությունը թոքենիզացված ակտիվների նկատմամբ աստիճանաբար ներթափանցում է նաև տեղական քննարկումների մեջ՝ սկսած բանկային կարգավորումներից մինչև կրթական նախաձեռնություններ։
Ապակենտրոնացված ֆինանսներ․ կայուն աճ՝ առանց գերբարձրացման
DeFi հատվածում ընդհանուր արգելափակված միջոցների ծավալը (TVL) աճել է 3.0%-ով։ Գլխավոր ներդրումն արել են perpetual DEX-երը և կայուն կրիպտոարժույթների նախագծերը։ Սթեյբլքոյնների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան աճել է 4.62%, որտեղ USDT-ն ամրապնդել է իր գերիշխող դիրքը, իսկ նոր USDe թոքենը ցուցաբերել է առաջարկի աճի ամենաարագ տեմպը:
Գրաֆիկ 3. TVL-ի բաշխումը ըստ բլոքչեյնների
DeFi օգտատերերի համար սա նշանակում է հաշվարկային և վարկային գործառույթներում լիկվիդայնության հնարավորությունների ընդլայնում և խելացի պայմանագրերի ավելի ակտիվ կիրառում։ Համեմատաբար ցածր տատանումների պայմաններում TVL-ի աճ, վկայում է, որ ոլորտը աստիճանաբար կայունանում է և դուրս է գալիս զուտ սպեկուլյատիվ մոդելներից։
NFT շուկա․ «զովացում» ամառային թռիչքից հետո
Մի քանի ամիս տևած աճից հետո NFT հատվածը կրճատվեց․ առևտրի ծավալը նվազեց 25.5%-ով։
Ethereum-ում վաճառքները ընկել են 54.8%, իսկ Polygon-ում՝ 54.6%, ինչը ցույց է տալիս թե՛ հավաքորդների, թե՛ սպեկուլյանտների ակտիվության նվազում։
Այնուամենայնիվ, հետաքրքրությունը թվային արվեստի և հեղինակային իրավունքի տոքենիզացման նկատմամբ պահպանվում է․ «հայփի» փոխարեն ձևավորվում է NFT-ի գործնական կիրառություն՝ բովանդակության և լիցենզավորման ոլորտներում։
Գրաֆիկ 4. NFT առևտրի ամսական ծավալը
Գուշակությունների շուկաներ (Prediction markets) և դեցենտրալիզացված դերիատիվներ
Սեպտեմբերին առանձնացավ գուշակությունների շուկաներ (Prediction markets) հատվածը, որտեղ առևտրի ծավալը հասավ տարվա առավելագույն մակարդակին։ Kalshi հարթակը առաջին անգամ առաջ անցավ Polymarket-ից՝ գրանցելով շաբաթական 850 միլիոն դոլարից ավելի շրջանառություն։
Գրաֆիկ 5. Kalshi և Polymarket առևտրի ծավալները
Աճը պայմանավորված է պրոդուկտների տեսականու ընդլայնմամբ՝ հատկապես սպորտային և կորպորատիվ իրադարձությունների հետ կապված պայմանագրերով։ Սա վկայում է նոր ակտիվների դասերի ձևավորման մասին, որոնք միավորում են ֆինանսական գործիքները և շուկայի վարքագծային տվյալները։
- Մեկ այլ նշանավոր միտում է դեցենտրալիզացված պերպետուալ բորսաների (DEX) արագ աճը։
- Ամենօրյա առևտրի ծավալը գերազանցել է 70 միլիարդ դոլարը, իսկ DEX-երի բաժինը դերիատիվների շուկայում հասել է 18%-ի։
- Առաջատար դիրք է զբաղեցնում Aster DEX հարթակը, որը ապահովում է ամբողջ օնչեյն շրջանառության ավելի քան կեսը։
Գրաֆիկ 7. Պերպետուալ DEX-երի առևտրի ծավալի աճը և Aster-ի բաժինը
Այս դինամիկան վկայում է սպառողների վարքագծի կառուցվածքային փոփոխությունների մասին․ օգտատերերը ավելի հաճախ ընտրում են հարթակներ, որտեղ ակտիվների վերահսկումը մնում է հենց իրենց մոտ։ Զարգացող շուկաների, այդ թվում՝ Հայաստանի համար, որտեղ կենտրոնացված բորսաների հանդեպ վստահությունը սահմանափակ է, այս ուղղությունը կարող է դառնալ գլոբալ ակտիվների առևտրում նոր մասնակցային մոդելի հիմք։
Եզրակացություն․ վստահության ամրապնդում և աստիճանական ինստիտուցիոնալացում
Չնայած կարճաժամկետ շտկումներին՝ սեպտեմբերը հաստատեց, որ կրիպտոշուկան մտնում է հասունացման փուլ։ Ինստիտուցիոնալ ներդրողները վերադառնում են բիթքոյնին, DeFi հատվածը ցուցաբերում է կայուն աճ, իսկ օնչեյն ենթակառուցվածքը զարգանում է սպասվածից արագ։
Հայաստանի համար, որտեղ թվային ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը աճում է, այս գործընթացները ստեղծում են հնարավորությունների պատուհան՝ ոչ թե արևմտյան մոդելների ուղղակի կրկնության, այլ՝ թափանցիկության փորձի, ռիսկերի կառավարման և գլոբալ լիկվիդայնության շղթաներում երկարաժամկետ մասնակցության ներդրման միջոցով։