Samsung-ը բարձրացրել է հիշողության քարտերի գները մինչև 60%-ով՝ դեֆիցիտի սրման ֆոնին
Samsung Electronics-ն այս ամիս բարձրացրել է որոշ տեսակի հիշողության քարտերի գները՝ մինչև 60%-ով՝ համեմատած սեպտեմբերի հետ, հայտնում է Reuters գործակալությունը։
Որպես դեֆիցիտի հիմնական պատճառ նշվում է աշխարհում արհեստական բանականության տվյալների կենտրոնների կառուցման արագ աճը։
Գործակալության աղբյուրները նաև նշում են, որ ընկերությունը հոկտեմբերին հետաձգել է մատակարարման պայմանագրերի պաշտոնական գնային հայտարարությունը, մինչդեռ նման տեղեկությունները սովորաբար հրապարակվում են ամեն ամիս։
Այս հիշողության քարտերի կտրուկ թանկացումը, որոնք հիմնականում օգտագործվում են սերվերներում, լրացուցիչ ճնշում է գործադրում այն խոշոր ընկերությունների վրա, որոնք կառուցում են տվյալային ենթակառուցվածքներ։
Գների աճը կարող է բարձրացնել նաև սմարթֆոնների, համակարգիչների և այլ սարքերի ինքնարժեքը, որոնց արտադրության ընթացքում նույնպես օգտագործվում են տվյալ քարտերը։
«Մի շարք խոշոր սերվերների արտադրողներ ու տվյալների կենտրոնների կառուցապատողներ հիմա արդեն ընդունում են, որ չեն կարողանալու ստանալ իրենց անհրաժեշտ քանակությունը։ Վճարվող գինն այժմ չափազանց բարձր է», Reuters-ին ասել է կիսահաղորդիչների դիստրիբյուտոր Fusion Worldwide-ի նախագահ Թոբի Գոներմանը։
Նրա խոսքով՝ հարավկորեական ընկերության 32 գիգաբայթ DDR5 հիշողության մոդուլների պայմանագրային գներն աճել են մինչև 239 դոլար նոյեմբերին՝ սեպտեմբերի 149 դոլարի փոխարեն։
DDR տեսակի հիշողության չիպերը կիրառվում են սերվերներում, համակարգիչներում և այլ սարքերում՝ ապահովելով արագ տվյալների պահում, փոխանցում և մշակում։
Samsung-ը հրաժարվել է մեկնաբանություններից։
Արդյունաբերության ներկայացուցիչներն ու վերլուծաբաններն ասում են, որ չիպերի պակասը դարձել է որոշ հաճախորդների կողմից «պանիկային գնումների» պատճառ։
