ԱՄՆ-ում ավիակարգավորողները կստանան 10 հազար դոլար՝ շաթդաունի ընթացքում աշխատանքի համար
Մոտ 800 ավիակարգավորող և տեխնիկական մասնագետ կստանա 10 հազար դոլար չափով պարգևավճար՝ ԱՄՆ կառավարության մասնակի գործունեության դադարեցման (շաթդաունի) ընթացքում աշխատելու համար։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Պարգևավճարները կվճարվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգի համաձայն, որը նախատեսում է խրախուսել ավիադիսպետչերական ծառայության աշխատակիցներին՝ շաթդաունի 43 օրերի ընթացքում աշխատելու համար՝ առանց աշխատավարձ ստանալու։ Դրամական փոխհատուցումը կտրամադրվի մինչև դեկտեմբերի 9-ը։
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել էր հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Կոնգրեսում իշխող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չկարողացան պայմանավորվել մի շարք ծախսային հոդվածների շուրջ, այդ թվում՝ առողջապահական ոլորտում։ Կուսակցությունները մեկը մյուսին մեղադրում էին շաթդաունը հրահրելու և այն երկարացնելու համար՝ քաղաքական նպատակներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 12-ի երեկոյան ստորագրեց օրենք դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումն ապահովելու մասին՝ մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ։ Այսպիսով, ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունը հաղթահարվեց 43-րդ օրը։
