ՀԲ. Վերջին հինգ տարիներին Վրաստանը հասել է նշանակալի աճի. երկիրը շատ դիմացկուն է ցնցումների նկատմամբ
Վրաստանն ունի շատ լավ ցուցանիշներ ներդրումների տեսանկյունից։ Սակայն նորարարությունների և տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ դեռ շատ անելիք կա: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը։
Նրա խոսքերով՝ միջին եկամտի մակարդակ ունեցող երկրից բարձր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակին անցնելու համար անհրաժեշտ են ներդրումներ, տեխնոլոգիաների զարգացում և նորարարություններ։
«Վերջին հինգ տարիներին Վրաստանը ցուցադրել է զգալի աճ։ Երկիրը նաև բավական դիմացկուն է ցնցումների հանդեպ։ Այս հաշվետվությունում դիտարկվում է, թե ինչ է անհրաժեշտ երկրներին՝ միջին եկամուտ ունեցող երկրների խմբից բարձր եկամուտ ունեցող երկրների խումբ տեղափոխվելու համար։ Շատ քիչ պետությունների է դա հաջողվել․ 34 տարվա ընթացքում միայն 34 երկիր է կարողացել իրականացնել այդ անցումը։ Վրաստանում դեռ շատ աշխատանք է սպասվում՝ ինչպես ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ դրանց որակի բարձրացման ուղղությամբ»։
Հիշեցնենք՝ Թբիլիսիում կայացել է Համաշխարհային բանկի հանրային միջոցառում՝ «Վրաստան. աճ դեպի բարձր եկամտի մակարդակ» խորագրով, որին մասնակցել են տնտեսական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
