Կքննարկվեն Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկրների միջև ՏՀՏ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 5-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ համաժողով:
Համաժողովի կազմակերպման նպատակն է նպաստել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչը հիմք կհանդիսանա երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման համար:
Համաժողովին կմասնակցեն ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության, հայաստանյան ՏՀՏ ոլորտի պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև Երևանում ՍԾՏՀ անդամ-երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ համաժողովը կազմակերպվում է հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակում:
Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը վերանշանակվել է որպես ՍԾՏՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող` հուլիսի 1-ից 2015 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար: