IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
Ամանորյա տոների առթիվ IDBank-ի աշխատակիցները նախաձեռնությամբ են հանդես եկել՝ պատրաստելով տոնական նվերներ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար։ Միջոցառումը կազմակերպվել է ջերմ և հոգատար մթնոլորտում՝ նպատակ ունենալով երեխաներին փոխանցել տոնի ուրախությունն և հրաշքը։
«Հայորդի» հիմնադրամի շահառու բոլոր երեխաները զոհված զինծառայողների ընտանիքներից են։ Այս տարի 150, իսկ անցած 4 տարիների ընթացքում IDBank-ի աշխատակիցները «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների ավելի քան 1300 ամանորյա մանկական երազանք են իրականություն դարձրել։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է համատեղ ուժերով լինել նրանց կողքին՝ հատկապես տոնական օրերին։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․ «IDBank-ը շարունակաբար իրականացնում է սոցիալական նախաձեռնություններ, որոնք ուղղված են հասարակության առավել զգայուն խմբերին։ «Հայորդի» հիմնադրամի հետ այս համագործակցությունը մեր սրտի ցանկությունն էր փոքրիկ տոն նվիրել զոհված զինծառայողների երեխաներին։ Այսօր այստեղ ենք, որպեսզի երեխաներին փոխանցենք մեր սերն ու ուշադրությունը»։
«Այս տարի շուրջ 150 երեխա է ընդգրկվել IDBank-ի հետ մեր համատեղ ամանորյա ծրագրում։ Երեխաները «Հայորդի» ճամբարի մասնակիցներն են և սոցիալապես ավելի խոցելի խմբի երեխաներ, որոնք իրենց տանը ունեն կորուստ։ Այս համագործակցության շնորհիվ շատ-շատ երեխաներ և շատ-շատ բարի հայրենակիցներ գտնում են իրար և «Հայորդին» դառնում է կապող կամուրջ, որպեսզի երեխաները ամանորին ընդառաջ ինչ-որ չափով երջանիկ զգան իրենց»,- Նշեց «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը։
Միջոցառման ընթացքում երեխաները ստացել են իրենց գրած նամակների պատասխաններն ու Ձմեռ պապիկից խնդրած ամանորյա նվերները, ինչպես նաև մասնակցել են տոնական ժամանցային ծրագրի։ Օրը լցված էր ժպիտներով, խաղերով և տոնական տրամադրությամբ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
