Մեկնարկել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը
Ֆրանսիայի Վալանս քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, իր աշխատանքներն է սկսել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ՝ «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացում. ներկայի և ապագայի խնդիրներ ու նպատակներ» թեմայով:
Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ֆրանսիական կողմի հետ համագործակցող մարզերի և համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:
Համաժողովի աշխատանքների ավարտից հետո Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված մարզպետներն ու համայնքների ղեկավարները կմեկնեն գործընկեր համայնքներ և տարածաշրջաններ` տեղերում փոխգործակցության հեռանկարների քննարկման և հնարավորություններին ծանոթանալու համար:
Աշխատախմբերի քննարկումների ամփոփումից հետո նախատեսվում է համաժողովի հռչակագրի ընդունում: