Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվարին․ ՀԲ
- Նոյեմբերին տնտեսական աճը բարձրացավ մինչև 10.4 տոկոս (տ/տ)՝ արդյունաբերության բարձր աճի շնորհիվ։
- Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 28.8 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։
- Գնաճը դեկտեմբերին փոքր-ինչ բարձրացավ՝ մինչև 3.3 տոկոս, պայմանավորված սննդամթերքի գնաճով։
- Նոյեմբերին արտահանումը և ներմուծումը, ամիսներ շարունակ նվազելուց հետո, վերականգնվեցին։
- Նոյեմբերին գրանցվեց կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.3 տոկոսին համարժեք պակասուրդ։
Նոյեմբերին տնտեսական ակտիվությունը շարունակեց աճել երկնիշ տեմպով՝ կազմելով 10.4 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ հոկտեմբերի 10.1 տոկոսի (տ/տ) համեմատ։
Արդյունաբերությունում գրանցվեց աճի ամենաբարձր տեմպը՝ 31.7 տոկոս (տ/տ), հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության աճի տեմպի արագացման հաշվին (հիմնականում հիմնային մետաղների արտադրությունը), համապատասխանաբար 36.5 տոկոսով (տ/տ) և 36.2 տոկոսով (տ/տ)։ Շինարարությունում շարունակվեց երկնիշ աճ գրանցվել՝ հասնելով 17.2 տոկոսի (տ/տ)։ Ծառայությունները (առանց առևտրի) ընդլայնվեցին 11.2 տոկոսով (տ/տ)։ Մեծածախ և մանրածախ առևտրի չափավոր աճը շարունակվեց՝ կազմելով 1.5 տոկոս (տ/տ)։ Աճողական կտրվածով հունվար-նոյեմբեր ամիսների աճը հասավ 8.3 տոկոսի (տ/տ)՝ շատ ավելի բարձր, քան սկզբնական սպասումներն էին։ Գրանցված բիզնեսների թիվը նոյեմբերին նվազեց 16.9 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը նախորդ ամսվա նկատմամբ)՝ պայմանավորված 20.5 տոկոսով (ա/ա) անհատ ձեռներեցների թվի նվազմամբ, որը հաջորդել էր սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բիզնեսի ռեկորդային բարձր՝ 3500-ից ավելի ընդհանուր գրանցումներին։

Նոյեմբերին, զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 28.8 տոկոսով (տ/տ)։
Սա պայմանավորված էր Ռուսաստանից 79.2 տոկոսով (տ/տ) զուտ ներհոսքերի ավելացմամբ (որին բաժին էր ընկնում ընդհանուրի 59 տոկոսը)։ Ի տարբերություն նշվածի, Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերը կրճատվեցին 12.6 տոկոսով (տ/տ)։ ԱՃողական կտրվածքով՝ հունվար-նոյեմբեր ամսիներին ընդհանուր զուտ ներհոսքը 26 տոկոսով (տ/տ) բարձր էր նախորդ տարվա համեմատ՝ վկայելով 2024 թ․ անկումից հետո վերականգնման մասին։

Դեկտեմբերին գնաճը նոյեմբերի 3.1 տոկոսից բարձրացավ (տ/տ)՝ կազմելով 3.3 տոկոս (տ/տ)։
Միջին գնաճը 2025 թ․ հասավ 3.3 տոկոսի՝ 2024 թ․ 0.3 տոկոսի համեմատ։ 2025 թ․ գնաճը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 5 տոկոս (տ/տ) գնաճով՝ համեմատած մեկ տարի առաջ 2 տոկոս (տ/տ) գնանկման հետ։ Այն պայմանավորող մյուս հիմնական գործոնը տրանսպորտն էր, որը աճեց 4.8 տոկոսով (տ/տ)՝ 2025 թ․ հանրային տրանսպորտի գների բարձրացման հաշվին։ ՀՀ կենտրոնական բանկը իր հիմնական վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը դեկտեմբերին իջեցրեց 25 բազիսային կետով՝ մինչև 6.50 տոկոս, որը տարվա ընթացքում՝ փետրվարից սկսած, երկրորդ նվազեցումն էր, և տոկոսադրույքները հասցրեց դրանց՝ 2021 թ․ կեսից ի վեր ամենացածր մակարդակին։

Նոյեմբերին ներմուծումն ու արտահանումը, ամիսներ շարունակ նվազելուց հետո, վերականգնվեցին՝ ազդարարելով առևտրային հոսքերի կարգավորման մասին, որը հաջորդեց վերաարտահանման աստիճանական դադարեցմանը։
Արտահանումը նոյեմբերին աճեց 17.2 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով տարվա նախորդ ամիսներին 38.2 տոկոսով (տ/տ) ընդհանուր նվազմանը, իսկ ներմուծումն ավելացավ 14 տոկոսով (տ/տ)՝ տարեսկզբից միջինը մոտավորապես 27.8 տոկոսով (տ/տ) նվազելուց հետո։ Սա հիմնականում պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանման և ներմուծման ընդլայնմամբ (աճը՝ համապատասխանաբար 30.8 տոկոս, տ/տ և 81.1 տոկոս, տ/տ), չնայած այս հոսքերը պահպանվեցին 2023 թ․ նոյեմբերի մակարդակի մոտավորապես կեսի չափով, երբ այս ապրանքատեսակների վերաարտահանումը գագաթնակետին հասավ։ Աճեց նաև մյուս ապրանքատեսակների, այդ թվում՝ հանքանյութերի (աճը՝ 62.2 տոկոս, տ/տ) և պատրաստի սննդամթերքի (աճը՝ 20.8 տոկոս, տ/տ) արտահանումը։ Սա մասամբ չեզոքացավ տեքստիլ ապրանքների (նվազումը՝ 23.5 տոկոս, տ/տ) և ոչ թանկարժեք մետաղների (նվազումը՝ 17.6 տոկոս, տ/տ) կրճատման հաշվին։ Նոյեմբերին, բացառությամբ թանկարժեք մետաղների և քարերի առևտրի, արտահանման ծավալներն ընդլայնվեցին 15.8 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծումն աճեց 4.4 տոկոսով (տ/տ)։ Դեկտեմբերին 7.5 տոկոսով ավելացան (տ/տ) զբոսաշրջիկների ժամանումներն Հայաստան՝ հասնելով 140 հազար զբոսաշրջիկի՝ մինչ օրս դեկտեմբեր ամսին երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին։

Դեկտեմբերին ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը միջինը, նախորդ ամսվա համեմատ, փոքր-ինչ արժևորվեց։
ՀՀ դրամը արժևորվեց 3.8 տոկոսով (տ/տ) ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ միաժամանակ համապատասխանաբար 7.6 տոկոսով (տ/տ) և 26.2 տոկոսով (տ/տ) արժեզրկվելով եվրոյի և ռուբլու նկատմամբ։ Համախառն պահուստները դեկտեմբերին աճեցին մոտավորապես 500 միլիարդ ԱՄՆ դոլարով (հիմնականում դրամաշնորհների և վարկերի հաշվին՝ կապված բնակապահովման բարեփոխումների հետ)՝ ընդհանուր պահուստները հասցնելով 5.1 միլիարդ ԱՄՆ դոլարի, գրանցված ամենաբարձր մակարդակին, որը համարժեք է 4․1 ամսվա ներմուծմանը։
Նոյեմբերին առևտրային բանկերի ավանդներն աճեցին 0.8 տոկոսով (ա/ա), իսկ վարկավորումն ընդլայնվեց 1.1 տոկոսով (ա/ա)։
ՀՀ դրամով սպառողական և հիփոթեքային վարկավորման աճի հաշվին վարկերի աճը պահպանվեց։ Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը մնաց կայուն՝ կազմելով 15.2 տոկոս (տ/տ) ընդհանուր ավանդների և 26.3 տոկոս (տ/տ) վարկերի դեպքում։ Ֆինանսական համակարգի առողջ ցուցանիշները նոյեմբերին պահպանվեցին․ կապիտալի համարժեքության ցուցանիշն ընդհանուր առմամբ կայուն է մնացել՝ նոյեմբերին կազմելով 20.9 տոկոս, իսկ չաշխատող վարկերը՝ 1.3 տոկոս։

Նոյեմբերին պակասուրդը հասավ տարեկան գնահատված ՀՆԱ-ի 0.3 տոկոսին՝ հունվար-նոյեմբեր ամիսների պակասուրդն աճողական կտրվածքով հասցնելով 2.4 տոկոսի։
Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքային վարկերի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճեցին 8.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված հավաքված եկամտային հարկերի (աճը՝ 21.9 տոկոս, տ/տ), ԱԱՀ-ի (աճը՝ 6.2 տոկոս, տ/տ), պետական տուրքերի (30.6 տոկոս, տ/տ) և շահութահարկի (90.8 տոկոս, տ/տ) ավելի բարձր ցուցանիշներով։ Շրջանառության հարկի հավաքման բարձր աճը պահպանվեց՝ կազմելով 64.4 տոկոս (տ/տ)։ Ընդհանուր ծախսերն ավելացան 14.2 տոկոսով (տ/տ)։ Կապիտալ ծախսերն աճեցին 30.2 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված պաշտպանության ծախսերի 48.1 տոկոս (տ/տ) աճով։ Կրթության մասով բարձր կապիտալ ծախսերը պահպանվեցին՝ աճելով 33.9 տոկոսով (տ/տ), քանի որ շինարարության և հիմնանորոգման ծրագրերը շարունակվեցին։ Ընթացիկ ծախսերն ավելացան 8.2 տոկոսով (տ/տ), ընդ որում սոցիալական պաշտպանության ծախսերն աճեցին 28.7 տոկոսով (տ/տ)։ Հունվար-նոյեմբերի ամիսների պակասուրդի աճողական ցուցանիշը մեծացավ՝ կազմելով կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 2.4 տոկոսը, որի 13 տոկոսից ավելին առարկայացավ նոյեմբերի ամսին։

