Անգլիայի բանկը պահպանել է հիմնական տոկոսադրույքը 3.75% մակարդակում
Անգլիայի բանկը պահպանել է հիմնական տոկոսադրույքը տարեկան 3.75% մակարդակում: Այս մասին ասվում է բրիտանական կենտրոնական բանկի հաղորդագրությունում։
Որոշումը համընկել է վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսման հետ, որը ներկայացված էր Trading Economics-ի կողմից։
Տոկոսադրույքը պահպանելու օգտին քվեարկել են Դրամավարկային քաղաքականության կոմիտեի ինը անդամներից հինգը, իսկ չորսը հանդես են եկել այն 25 բազիսային կետով նվազեցնելու օգտին։
Փորձագետները սպասում էին, որ տոկոսադրույքի պահպանմանը կաջակցի կոմիտեի յոթ անդամ, իսկ երկուսը կգերադասեն այն նվազեցնել 25 բազիսային կետով:
Անգլիայի բանկի նախագահ Էնդրյու Բեյլին կրկին դարձել է միակ անդամը, ով նախորդ նիստի համեմատ փոխել է իր դիրքորոշումը, և նրա ձայնը վճռորոշ է եղել։ Դեկտեմբերին նա քվեարկել էր տոկոսադրույքի նվազեցման օգտին։
«Չնայած աշխարհում առկա ողջ անորոշությանը՝ մենք այժմ այնպիսի իրավիճակում չենք, երբ դրամավարկային քաղաքականությունը ենթարկվում է նոր խոշոր ցնցումների», – հայտարարել է Բեյլին՝ հիմնավորելով իր փետրվարյան որոշումը։
Դեկտեմբերյան նիստի արդյունքներով Անգլիայի բանկի տոկոսադրույքը իջեցվել էր 25 բազիսային կետով՝ հասնելով 2023 թվականի փետրվարից ի վեր ամենացածր մակարդակին։ 2024 թվականի օգոստոսից կարգավորիչը այն նվազեցրել է վեց անգամ։
