Կոջի Սատոն կլքի Toyota-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը
Կոջի Սատոն կլքի Toyota Motor Corp.-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը՝ այդ պաշտոնում աշխատելով ընդամենը երեք տարի։
Նրան կփոխարինի ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Կենտա Կոնը: Այս մասին ասվում է ճապոնական ավտոարտադրողի մամուլի հաղորդագրությունում։
Սատոն կզբաղեցնի տնօրենների խորհրդի փոխնախագահի և արտադրության գլխավոր տնօրենի պաշտոնը։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից։
Նոր պաշտոններում Կոնը կկենտրոնանա ընկերության ներքին կառավարման վրա, իսկ Սատոն՝ ոլորտային ավելի լայն խնդիրների վրա։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ այս փոփոխությունները նպատակ ունեն արագացնել որոշումների ընդունումը՝ ավտոարդյունաբերությունը համակած լայնածավալ ցնցումներին արձագանքելու համար։
Սատոն Toyota-ն ղեկավարում էր 2023 թվականի ապրիլից՝ փոխարինելով ավտոարտադրողի հիմնադրի թոռանը՝ Ակիո Տոյոդային։ Այդ ժամանակ ընկերությունը բարդ իրավիճակում էր՝ էլեկտրամոբիլների ոլորտում համաշխարհային միտումներից հետ մնալու պատճառով։
Ուրբաթ օրը առևտրի արդյունքներով Toyota-ի բաժնետոմսերի գինը աճել է 2%-ով։ Վերջին երեք ամիսների ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան ավելացել է 21%-ով, մինչդեռ Nikkei 225 ֆոնդային ինդեքսը բարձրացել է 8%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

