ԵՄ-ում մտահոգված են էներգակիրների չափազանց բարձր գներով
ԵՄ երկրների որոշ պետությունների և կառավարությունների ղեկավարներ փետրվարի 12-ին Բելգիայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում բարձրացրել են Եվրոպայում էներգակիրների բարձր գների հարցը: Ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։
«Սա հարց է, որը ԵՀ-ին մտահոգում է արդեն երկար տարիներ։ Էներգակիրների գները չափազանց բարձր են, չափազանց անկայուն, և այդ անկայունության պատճառներից մեկն այն է, որ մենք շարունակում ենք կախված մնալ գազից, հանածո վառելիքից։ Գազի գները բարձրացնում են էներգիայի ընդհանուր գները, մինչդեռ ատոմային և վերականգնվող աղբյուրները նպաստում են այդ գների նվազմանը», – նա մատնանշել է նաև կախումը միջազգային շուկաների տատանումներից, որոնց հետևանքով գները երբեմն աճում են, երբեմն նվազում:
Նրան խնդրել էին մեկնաբանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն-ի հայտարարությունը եվրոպական առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որտեղ նա կոչ էր արել «կառուցել միասնական էներգետիկ շուկա»։ Նա խոստացել է մարտին կայանալիք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել տարբերակներ և եզրակացություններ այն մասին՝ արդյոք ժամանակն է առաջ շարժվել շուկայի հայեցակարգի հարցում, թե ներկայիս շուկայական մոտեցումը բոլորին բավարարում է։
Իտկոնենի խոսքով՝ այժմ հասունացել են ենթակառուցվածքների, շուկայի հայեցակարգի, ինչպես նաև էներգակիրների գների կառուցվածքային խնդրի հետ կապված շատ կարևոր հարցեր, որոնք պահանջում են մեծ ուշադրություն։ Բացի այդ, անհրաժեշտ է արդիականացնել էներգիայի հարկումը, և այդ հարցը ներառված է Եվրահանձնաժողովի աշխատանքային ծրագրում։
«Մարտին դուք կտեսնեք հայտարարված էներգետիկ փաթեթը։ Ակնհայտ է, որ այս խնդիրներից մի քանիսը կարտացոլվեն դրանում», – պարզաբանել է Իտկոնենը։
