Լոնդոնում կոչ են արել ճնշում գործադրել Իրանի վրա՝ Հորմուզի նեղուցը բացելու համար
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերը Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ 40 երկրի ներկայացուցիչների հետ առցանց քննարկումից հետո ընդգծել է Իրանի նկատմամբ դիվանագիտական և տնտեսական ճնշման կարևորությունը՝ նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։
«Մենք նպատակ ունենք քննարկել ցանկացած հնարավոր դիվանագիտական, տնտեսական և համակարգված միջոցներ՝ նեղուցը կրկին բացելու համար»։
Արևմտյան ԶԼՄ-ները նշել են, որ զինված հակամարտության պայմաններում Հորմուզի նեղուցով նավերի և նավատորմերի անցման հարցը բարդ է։ Միջազգային իրավունքի համաձայն՝ չեզոք նավերը պետք է հնարավորություն ունենան անցնելու այդ նեղուցով։ Հակամարտության մասնակից երկրների նավերն ու նավատորմերը նույնպես կարող են օգտագործել նեղուցի այն հատվածը, որը նրանց համար մնում է չեզոք, պայմանով, որ այն չի օգտագործվի ռազմական գործողությունների իրականացման համար։
Այն հարցը, թե արդյոք նեղուցում ներկայումս կան չեզոք ջրեր, վիճահարույց է։ Նեղուցի մի մասը համարվում է Իրանի տարածքային ջրեր, իսկ մյուս մասը՝ Օմանի։ Իրանի զինված ուժերը մի քանի անգամ գնդակոծել են Օմանի տարածքը։ Մասկատում, այնուամենայնիվ, հավաստիացրել են, որ չեն հանդիսանում հակամարտության կողմ։ Միաժամանակ որոշ մասնագետների կարծիքով նման հայտարարությունները բավարար չեն, եթե փաստացի ռազմական գործողություններ իրականացվում են։
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող տարբերակը՝ նավերի ուղեկցումը ռազմական նավերով, նույնպես պարունակում է իրավական նրբություններ։ Մասնավորապես, եթե ռազմական նավը ուղեկցում է բեռնատար նավերին, ապա նման ծովային կոնվոյի «ազգությունը», որպես կանոն, որոշվում է ըստ այն երկրի, որը ներկայացնում է հենց ռազմական նավը։ Այսինքն՝ եթե օրինակ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցում ուղեկցում է չեզոք երկրների նավերին, ապա ամբողջ կոնվոյը կարող է համարվել Իրանի համար օրինական թիրախ։
Հակամարտության պայմաններում չեզոք երկրների ռազմածովային ուժերի կողմից իրականացվող կոնվոյավորումը չեզոք նավերի համար թույլատրվում է՝ որոշ պայմանների պահպանմամբ։
ԱՄՆ ծովային իրավունքի մասնագետները ընդգծում են, որ եթե ուղեկցմանը միաժամանակ մասնակցեն ԱՄՆ-ի և չեզոք երկրների նավերը, ապա կոնվոյը չի համարվի չեզոք, և հետևաբար բոլոր նավերն ու նավատորմերը կարող են դառնալ իրանական զինված ուժերի օրինական թիրախ։ Բացի այդ, չեզոք երկրների մասնակցությունը նման գործողություններին՝ ԱՄՆ կամ Իսրայելի ռազմածովային ուժերի հետ միասին, իրավական տեսանկյունից կարող է չեզոք պետություններին դարձնել ներկայիս հակամարտության փաստացի մասնակիցներ։
Հորմուզի նեղուցի օգտագործման իրավական հարցերի պարզաբանման լրացուցիչ բարդություն է ստեղծում այն հանգամանքը, որ թեման մեծապես կարգավորվում է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայով, որը Իրանը ստորագրել է, սակայն չի վավերացրել, իսկ ԱՄՆ-ն այն չի ստորագրել։
