Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը
UCOM-ի՝ աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը․ UCOM-ն արդեն երկրորդ տարին է՝ որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է համայնքի տեխնոլոգիական և կրթական նախաձեռնություններին։
Մրցարշավը համախմբել էր տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուների և ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Այն անցկացվել է Multi GP միջազգային ստանդարտով՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։
Միջոցառման եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 17-ին, որի արդյունքում հայտարարվեցին երեք անվանակարգերի հաղթողները․ «Սկսնակ օպերատոր» (Beginner Class) անվանակարգում ՝ Վարդան Ավետիսյան, Հայկ Թառումյան, Աշոտ Միքայելյան, «Միջին փորձառություն ունեցող օպերատոր» (Semi-Pro Class) անվանակարգում՝ Սարգիս Թաթոսյան, Վահագն Բեքվերդյան, Արթուր Ասլանյան և «Փորձառու օպերատոր» (Professional Class) անվանակարգում՝ Դմիտրիի Սավինովսկի, Մաքսիմ Նոր, Մատվեյ Պոչեկունին։
«Ucom-ը՝ իր սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում տեխնոլոգիական համայնքի ձևավորմանն ու զարգացմանը։ Մենք կարևորում ենք այսպիսի միջոցառումները, որ երիտասարդներին նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու և ինժեներական ու ստեղծարար մտածողություն զարգացնելու հնարավորություն են տալիս։ Վստահ ենք, որ անօդաչու տեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, իսկ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի դիրքավորմանը՝ որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոնի», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի կողմից այս տարի ևս նախատեսվել էր հատուկ մրցանակ, որը հանձվեց 16-ամյա Ռաֆիկ Ադամյանին՝ ակտիվ մասնակցության համար։
Մրցարշավի միջոցով նախատեսվում է բարձրացնել ԱԹՍ-ների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և ընդլայնել դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ ներառյալ ԱԹՍ-ների կառավարում, գյուղատնտեսական դրոնների օգտագործում, սարքերի վերանորոգում, զբոսաշրջային և տեսարժան վայրերի օդային նկարահանում և ներկայացում, ինչպես նաև միջազգային մրցարշարերին մասնակցություն և նմանատիպ միջոցառումների կազմակերպում Հայաստանում։
«Մեզ համար շատ կարևոր է, որ Multi GP միջազգային դրոնների ֆեդերացիայի ստանդարտով և տարածաշրջանի լավագույն մարզիկների մասնակցութամբ մրցարշավ ենք կարողանում կազմակերպել Հայաստանում։ Ամեն ինչ արել ենք, մրցարշավը պատշաճ կերպով անցկացնելու և այն Հայաստանում պահելու համար։ Շնորհակալ ենք մեր գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Ucom-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել այս մասշտաբի միջոցառում», – ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Մրցարշավը համագործակցության և փորձի փոխանակման հարթակ է ԱԹՍ արտադրող ընկերությունների, տեխնոլոգիական համայնքի և ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։
* FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։
