Մեկնարկել է Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը
ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ից տեղեկացնում են, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք:
Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», Հայ օգնության միություն և այլն) հետ սերտ համագործակցությամբ: