Համաշխարհային բանկ․ Հորմուզի նեղուցի փակ մնալու դեպքում նավթի գինը կարող է հասնել 115 դոլարի՝ մեկ բարելի դիմաց
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին նավթի միջին գինը կարող է աճել մինչև 115 դոլար՝ մեկ բարելի դիմաց, եթե Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ։
Այս եզրակացությունը ներկայացված է կազմակերպության համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված նոր զեկույցում։
«Եթե Հորմուզի նեղուցը նավարկության համար փաստացի փակ մնա ավելի երկար, քան ենթադրվում է հիմնական սցենարով, կամ եթե Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման հնարավորությունները լրացուցիչ վնասներ կրեն, ապա էներգակիրների գները կարող են զգալիորեն գերազանցել հիմնական կանխատեսումները», – նշվում է փաստաթղթում։
Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ՝ էներգետիկ շուկայում նոր ցնցումների սցենարի դեպքում նեղուցը զգալի չափով չի վերաբացվի մինչև 2026 թվականի չորրորդ եռամսյակը, իսկ ծովային փոխադրումների ծավալները աստիճանաբար կվերականգնվեն միայն 2027 թվականի առաջին եռամսյակում։
Բացի այդ, կանխատեսվում է համաշխարհային նավթային առաջարկի մոտ 4%-անոց միջնաժամկետ կրճատում։
Փորձագետների կարծիքով՝ նավթի մատակարարումների հետ կապված խնդիրների խորացումը կհանգեցնի Brent տեսակի նավթի գների նոր թռիչքի տարվա երկրորդ կեսին, ինչի արդյունքում 2026 թվականին մեկ բարելի միջին գինը կհասնի 115 դոլարի և կմնա բարձր մակարդակի վրա նաև 2027 թվականի զգալի հատվածում։
Նրանք նաև նշում են, որ հեղուկացված բնական գազի շարունակվող պակասի պայմաններում բնական գազի գները նույնպես զգալիորեն կգերազանցեն հիմնական կանխատեսումները։ Միաժամանակ կուժեղանա ածխի պահանջարկը՝ որպես բնական գազի փոխարինող, ինչը կհանգեցնի նաև ածխի գների աճին։
Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի առավել բարենպաստ սցենարի համաձայն, եթե Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումները հուլիսից սկսեն թուլանալ, ապա 2026 թվականին նավթի միջին գինը կկազմի 94 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
