Քրիստին Լագարդ. Արհեստական բանականությունը կարող է ֆինանսական ճգնաժամեր հրահրել
Արհեստական բանականությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ֆինանսական կայունության համար, և ԵԿԲ միջոցներ է ձեռնարկում նման ռիսկերը կանխելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը։
Լագարդն ընդունել է, որ նույնիսկ խիստ կարգավորման պայմաններում հնարավոր չէ կանգնեցնել արհեստական բանականության զարգացումը։
«Մենք չենք կարող կանգնեցնել արհեստական բանականությունը, նույնիսկ ունենալով հուսալի կարգավորող դաշտ։ Սակայն կարող ենք նախապատրաստվել, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան օգտվել դրա առավելություններից և պաշտպանված լինեն դրա վտանգներից։ Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք», – ասել է նա։
Լագարդն ընդգծել է, որ գլխավոր մտահոգությունը կապված չէ հենց արհեստական բանականության հետ, այլ այն ցնցումների, որոնք այն կարող է առաջացնել ֆինանսական շուկաներում։
«Ժամանակակից պատմության մեջ կա մի ուժ, որը ոչնչացրել է ավելի շատ աշխատատեղեր և մարդկանց զրկել ավելի շատ խնայողություններից, քան ցանկացած տեխնոլոգիա․ այդ ուժը ֆինանսական ճգնաժամերն են։ Քանի որ AI համակարգերը դառնում են ավելի հզոր, դրանք ավելի խորն են ներթափանցում տնտեսության մեջ»:
ԵԿԲ-ն արդեն ստուգել է 109 բանկի դիմադրողականություն լայնածավալ կիբերհարձակման սցենարի պայմաններում, և հայտնաբերված խոցելիությունների մեծ մասն արդեն վերացվել է։ Լագարդի խոսքով՝ կենտրոնական բանկը կապ կհաստատի բանկերի գլխավոր տնօրենների հետ՝ համոզվելու համար, որ նրանք պատրաստ են AI-ի կիրառմամբ հնարավոր հարձակումներին և գիտակցում են, որ արդյունավետ արձագանքման համար անհրաժեշտ կլինեն զգալի ներդրումներ։
«Արհեստական բանականությունը պատրաստ է ներսից վերափոխել ֆինանսական ոլորտը՝ ստեղծելով ռիսկերի կենտրոնացման նոր օջախներ և նոր հնարավորություններ չարամիտ գործողությունների համար», – նշել է նա։
Լագարդը կոչ է արել ստեղծել AI-ի կառավարման գլոբալ համակարգ՝ սառը պատերազմի ժամանակաշրջանի միջուկային զենքի չտարածման համաձայնագրերի օրինակով։ Եվրոպայում նա կարևորել է կապիտալի շուկաների միության ձևավորումը, խիստ վերահսկողությունը և բանկային համակարգի կայունության բարձրացմանն ուղղված ջանքերը։
«Ապահովել, որ այս տեխնոլոգիական հեղափոխությունը չվերածվի ֆինանսական ճգնաժամի. ահա թե ինչպես կարող է Եվրոպական կենտրոնական բանկը լավագույնս ծառայել Եվրոպայի ժողովուրդներին», – եզրափակել է Լագարդը։
