ԵՄ-ն ուժեղացնում է օտարերկրյա ներդրումների ստուգման համակարգը
Եվրահանձնաժողովը հայտարարել է օտարերկրյա ներդրումների ստուգման նորացված կանոնների հրապարակման մասին, որոնք նպատակ ունեն ավելի արդյունավետ բացահայտել և նվազեցնել ԵՄ անվտանգության համար հնարավոր ռիսկերը։
«Օտարերկրյա ներդրումների ստուգման վերանայված համակարգը ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-ի տնտեսական անվտանգության գործիքակազմի ամրապնդման ուղղությամբ։ Այն հնարավորություն է տալիս ԵՄ պետություններին բացահայտել ու նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են սպառնալ անվտանգությանն ու հասարակական կարգին՝ միաժամանակ պաշտպանելով կարևորագույն տեխնոլոգիաները, ենթակառուցվածքները և մատակարարման շղթաների կայունությունը», – հայտարարել է Եվրահանձնաժողովի առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։
Նրա խոսքով՝ նորացված համակարգը միաժամանակ պահպանում է Եվրամիության բաց լինելն օտարերկրյա ներդրումների համար և նպաստում է նրան, որ ԵՄ-ն շարունակի մնալ անվտանգ ու գրավիչ միջավայր բիզնեսի համար։
Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ նոր կանոնները սահմանում են օտարերկրյա ներդրումների ստուգման պարտադիր մեխանիզմներ ԵՄ բոլոր անդամ երկրներում, ինչը կապահովի վերահսկողության առավել միասնական և արդյունավետ համակարգ։
Միաժամանակ ընդլայնվել է ստուգումների շրջանակը, որն այսուհետ ներառում է նաև անուղղակի օտարերկրյա ներդրումները։
Ստուգման ենթակա կլինեն նաև այն ներդրողները, որոնք գրանցված են Եվրամիությունում, սակայն վերջնական վերահսկողությունը նրանց նկատմամբ իրականացնում են ԵՄ-ից դուրս գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։
Նոր կանոնակարգը սահմանում է ազգային ստուգման մեխանիզմների նվազագույն պահանջները՝ ընդգրկելով ներդրումները զգայուն և ռազմավարական ոլորտներում, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքները, կարևորագույն տեխնոլոգիաները, ռազմավարական նշանակության հումքը, ֆինանսական ծառայությունները, տրանսպորտը, էներգետիկան, ընտրությունների անցկացման համար կարևոր ենթակառուցվածքները։
Օտարերկրյա ներդրումների ստուգման վերաբերյալ նորացված կանոնակարգը ուժի մեջ կմտնի 20 օր անց։
ԵՄ անդամ երկրներին կտրվի 18 ամիս ժամանակ՝ նոր օրենսդրությամբ սահմանված նվազագույն պահանջները լիարժեք իրականացնելու համար։
