Դոնալդ Թրամփը սպառնացել է եվրոպական երկրներին 100% մաքսատուրքեր սահմանել բոլոր ապրանքների նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է 100% մաքսատուրք սահմանել այն երկրների բոլոր ապրանքների նկատմամբ, որոնք ամերիկյան ընկերությունների համար կսահմանեն թվային ծառայությունների հարկ։
«Եվրոպական շատ երկրներ քննարկում են ամերիկյան ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկի անհապաղ ներդրումը։ Այդ երկրներից մի քանիսը մոտ են խոսքերից գործի անցնելուն», – գրել է նա Truth Social սոցիալական հարթակում, – «Թող այս հայտարարությունը հստակ ազդակ լինի, որ ցանկացած երկիր, որը կսահմանի նման հարկ, անմիջապես կբախվի ԱՄՆ արտահանվող իր բոլոր ապրանքների նկատմամբ 100% մաքսատուրքերի»:
ԵՄ և ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների միջև թվային ծառայությունների հարկի շուրջ վեճը երկարատև հակամարտության պատմություն ունի։ Դրա հիմքում Եվրոպայի փորձերն են՝ գտնելու արդար մեխանիզմ՝ թվային ոլորտում գործունեություն ծավալող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտների հարկման համար։ Միաժամանակ, մինչ օրս Եվրամիությունում միասնական համաեվրոպական թվային հարկ գոյություն չունի, սակայն մի շարք անդամ երկրներ ներդրել են սեփական ազգային հարկերը, ինչը լարվածություն է առաջացրել անդրատլանտյան հարաբերություններում։
2018 թվականին առաջին անգամ առաջարկվեց ներդնել համաեվրոպական թվային հարկ՝ որպես ժամանակավոր միջոց, մինչ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հովանու ներքո Փարիզում շարունակվում էին նոր գլոբալ հարկային կանոնների շուրջ բանակցությունները։
ՏՀԶԿ-ի նախաձեռնության համաձայն՝ հարկային բեռի մի մասը պետք է տեղափոխվեր այն երկրներ, որտեղ վաճառվում կամ օգտագործվում են ապրանքներն ու ծառայությունները, ոչ թե այնտեղ, որտեղ գրանցված են դրանք մատուցող ընկերությունները։
Սակայն բանակցությունները փակուղի մտան այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հրաժարվեց աջակցել ՏՀԶԿ-ի հարկային համաձայնագրին՝ այն գնահատելով որպես ամերիկյան ընկերությունների նկատմամբ խտրականություն։ 2019-2021 թվականներին Վաշինգտոնը մի քանի անգամ սպառնաց պատասխան մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների նկատմամբ։
Այդ ընթացքում Եվրամիության մի շարք անդամ երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան, ներդրեցին թվային ծառայությունների ազգային հարկեր։ Ազգային թվային հարկերի ներդրման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին նաև Բելգիան և Նիդեռլանդները։
Նախատեսվում էր, որ Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի թվային հարկերը կարող են չեղարկվել, եթե ստորագրվեր ՏՀԶԿ-ի Pillar One համաձայնագիրը։
Սակայն իրավիճակը կրկին սրվեց 2025 թվականին՝ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Իր պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում նա ստորագրեց հրամանագիր, որով ԱՄՆ-ն դուրս եկավ Pillar One նախաձեռնության շուրջ ՏՀԶԿ-ի բանակցություններից՝ այն անվանելով ամերիկյան ընկերությունների նկատմամբ խտրական։ Այս քայլը կրկին հարցականի տակ դրեց Եվրամիության երկրների ազգային թվային հարկերի ապագան, իսկ ԱՄՆ-ն նորից սպառնաց պատասխան մաքսատուրքեր սահմանել։
Միաժամանակ թվային ծառայությունների հարկի գաղափարը միասնական աջակցություն չի ստացել նաև ԵՄ ներսում։ Իռլանդիան հետևողականորեն դեմ է հանդես գալիս ԵՄ մակարդակով թվային հարկի ներդրմանը՝ այն համարելով վնասակար իր ազգային տնտեսության համար։ Զգուշավոր դիրքորոշում է պահպանում նաև Գերմանիան, որը կարծում է, որ Եվրոպան ներկայումս չունի ամերիկյան թվային տեխնոլոգիական ոլորտի առաջարկներին համարժեք իրական այլընտրանք։
