Ինչո՞ւ Եվրոպացիները չեն շտապում օդորակիչներ տեղադրել՝ չնայած անտանելի շոգին
Եվրոպայում շոգը դարձել է գրեթե անտանելի, սակայն բնակիչները դեռևս պատրաստ չեն զանգվածաբար օդորակիչներ տեղադրել։ Թե ինչու, պարզաբանում է The Wall Street Journal-ը։
Եվրոպայի բնակելի շենքերի և հանրային հաստատությունների մեծ մասը օդորակման համակարգերով ապահովված չէ։ WSJ-ի տվյալներով՝ Իտալիայում օդորակիչներ տեղադրված են բնակարանների մոտ 56%-ում, Ֆրանսիայում՝ ընդամենը 25%-ում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ընդամենը 5%-ում։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հոդվածում, Եվրոպայում ամառային շոգի ալիքները տարեկան տասնյակ հազարավոր կյանքեր են խլում, ինչը զգալիորեն գերազանցում է ԱՄՆ-ի ցուցանիշը։ Գիտնականների կարծիքով՝ տարբերության պատճառներից մեկը հենց օդորակիչների ցածր տարածվածությունն է։
WSJ-ի փոխանցմամբ՝ եվրոպացիները երկար տարիներ խուսափել են օդորակիչներից՝ դրանք համարելով աղմկոտ, քաղաքների ճարտարապետական տեսքը խաթարող և, ամենակարևորը, ոչ անհրաժեշտ, քանի դեռ ամառները համեմատաբար մեղմ էին։ Բացի այդ, մտավախություն կար, որ այս էներգատար տեխնոլոգիայի լայն կիրառումը կխոչընդոտի կլիմայի փոփոխության դեմ պայքարում համաշխարհային առաջատար լինելու Եվրոպայի հավակնություններին։
Սակայն այդ մոտեցումն աստիճանաբար հակասում է իրականությանը. Եվրոպան տաքանում է մոլորակի ցանկացած այլ տարածաշրջանից ավելի արագ։ WSJ-ի տվյալներով՝ տարածաշրջանում միջին ջերմաստիճանն արդեն շուրջ 2.5°C-ով բարձր է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից, մինչդեռ աշխարհում միջին տաքացումը կազմում է մոտ 1.4°C։
Չնայած դրան՝ եվրոպական իշխանությունները շարունակում են խուսափել օդորակիչների զանգվածային տարածումից։ Որոշ քաղաքներում բնակարանում օդորակիչ տեղադրելու համար անհրաժեշտ է շենքի բոլոր բնակիչների համաձայնությունը։ Բացի այդ, տեղադրումը պետք է հաստատեն նաև տեղական իշխանությունները՝ համոզվելու համար, որ սարքավորումը համապատասխանում է ճարտարապետական պահանջներին, աղմուկի նորմերին և քաղաքի էներգասպառման նպատակներին։
Միևնույն ժամանակ, արդեն մի քանի տարի շարունակվող ռեկորդային շոգի ալիքները լուրջ ճնշում են գործադրում ինչպես Եվրոպայի առողջապահական համակարգերի, այնպես էլ տնտեսության վրա, գրում է պարբերականը։ Վերջին շոգի ալիքի ընթացքում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում հազարավոր դպրոցներ, որտեղ օդորակիչները հազվադեպ են, ստիպված էին փակվել, ինչի հետևանքով բազմաթիվ ծնողներ ստիպված մնացին տանը։ Փակվել են նաև մի շարք ձեռնարկություններ, գործարանները կրճատել են արտադրության ծավալները, իսկ որոշ ուղղություններով երկաթուղային երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Նիդեռլանդների ING բանկի տնտեսագետների գնահատմամբ՝ այս շոգի ալիքը «հիշեցրել է համավարակային լոքդաունների ժամանակաշրջանը»։
