ԱՄՆ-ում միլիարդատերերը գնում են տներ՝ դրանք միավորելով ամբողջական թաղամասերի
ԱՄՆ-ի գերհարուստ քաղաքացիները սկսել են ձեռք բերել միանգամից մի քանի հողամաս՝ հետագայում դրանք միավորելով ամբողջական բնակելի թաղամասերի։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անշարժ գույքի շուկայի վերլուծաբաններին։
Նրանց տվյալներով՝ հայտնի «լենդմաքսերների» թվում են ֆինանսիստ Քեն Գրիֆինը, որը Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում շուրջ 450 մլն դոլար է ծախսել մոտ 100 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր կառուցելու համար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը շուրջ 230 մլն դոլարի անշարժ գույք ունի արհեստական Ինդիան Քրիք կղզում, ինչպես նաև Oracle-ի համահիմնադիր միլիարդատեր Լարի Էլիսոնը, որն ակտիվորեն գնում է տներ Կալիֆոռնիայում, Նևադայում և Ֆլորիդայում։
Միաժամանակ բազմաթիվ հարուստ գնորդներ պահանջում են այնքան ընդարձակ տարածքներ, որ մեկ բնակելի համալիր կառուցելու համար անհրաժեշտ է լինում միավորել մի քանի հարակից հողամասեր։ Ոմանք ցանկանում են ունենալ մեծ առափնյա գոտի, մյուսները՝ թենիսի կորտ։
Օրինակ՝ Մայամիից ներդրող Իբրահիմ Ալ-Ռաշիդը, որը մոտ 1000 քմ մակերեսով առանձնատան սեփականատեր է, գնել է հարևանների հողամասերը և կառուցել հյուրատուն, մարզասրահ և սպա-կենտրոն։ Մեկ այլ գործարար նույն նպատակներով ծախսել է շուրջ 50 մլն դոլար։
Մի շարք գնորդներ հողատարածքներ են գնում նաև ապագա կառուցապատումից դրանք պաշտպանելու համար՝ նախընտրելով կանաչ մարգագետինները նոր հարևաններից։
Շուկայի մասնակիցների տվյալներով՝ վերջին տարիներին ԱՄՆ-ում կտրուկ աճել է, այսպես կոչված, compound տիպի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, քանի որ այդ ձևով ապահովված քաղաքացիները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները։
«Ոմանց համար դա անձնական կյանքի պաշտպանությունն ու անվտանգությունն է, մյուսների համար՝ գնաճից պաշտպանվելու միջոց», – WSJ-ն մեջբերում է Մայամիի անշարժ գույքի գործակալի խոսքը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում շքեղ անշարժ գույքի նկատմամբ հարցումների թիվը կրկնապատկվել է, կառուցապատման համար պիտանի հողատարածքների պահանջարկն աճել է 97%-ով, իսկ մասնավոր կղզիների և կալվածքների նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է ավելի քան երկու անգամ։
