Honda-ն ԱՄՆ-ում կթողարկի Ridgeline պիկապի նոր սերունդը
Ճապոնական Honda ավտոարտադրողը հաստատել է, որ ԱՄՆ-ում գտնվող իր գործարանում կթողարկի Ridgeline պիկապի նոր սերունդը՝ ընթացիկ տարվա վերջին արտադրության ժամանակավոր դադարից հետո: Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Ալաբամայում գտնվող ձեռնարկությունում ավտոմեքենաների հավաքումը կվերսկսվի երկու տարվա ընթացքում՝ նախնական հաշվարկներով 2028 թվականին։
Honda Motor-ի վաճառքների գծով փոխնախագահ Լենս Վուլֆերը նշել է, որ ընկերությունը ձգտում է պահպանել հավատարիմ հաճախորդներին՝ նրանց առաջարկելով «ավելի բարձր ամրություն և ավելի մեծ հնարավորություններ»։
Միևնույն ժամանակ, տարվա առաջին կիսամյակում Ridgeline-ի ներկայիս տարբերակի վաճառքները նվազել են 3%-ով, իսկ 2021 թվականից ի վեր տարեկան վաճառքի ծավալը կազմել է 41-52 հազար ավտոմեքենա։ Համեմատության համար՝ սեգմենտի առաջատար Toyota-ն 2025 թվականին վաճառել է ավելի քան 270 հազար Tacoma պիկապ։
Միջին չափի պիկապի ապագան հարցականի տակ էր հայտնվել այն հաղորդագրությունների պատճառով, որ ավտոմեքենան չի համապատասխանում Կալիֆոռնիայի բնապահպանական չափանիշներին։ Նոր մոդելի մասին հայտարարությունը հնչել է Honda CR-V կոմպակտ քրոսովերի ռեկորդային հաջողության ֆոնին․ այն առաջին անգամ առաջին տեղն է զբաղեցրել ամերիկյան ավտոշուկայում՝ առաջին կիսամյակի արդյունքներով։ CR-V-ի վաճառքներն աճել են 6%-ով՝ առաջ անցնելով Ford-ից և Toyota-ից, որոնք բախվել են արտադրական դժվարությունների։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

