Հնդկաստանի՝ ԱՄՆ արհտահանման 45%-ն ազատվել է Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերից
Հնդկաստանը օրերս հայտարարեց, որ դեպի ԱՄՆ իր արտահանման գրեթե կեսը չի ընդգրկվի ամերիկյան լրացուցիչ մաքսատուրքերի վերջին փուլի շրջանակում։ Բանակցությունների արդյունքում երկիրը կարողացել է ավելի ցածր մաքսատուրքերի կատեգորիա ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականության ներքո։
Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը օրերս հրապարակված հայտարարությամբ հայտնել է, որ դեպի ԱՄՆ հնդկական արտահանման շուրջ 45%-ը կազմող ապրանքները, այդ թվում՝ ջեներիկ դեղամիջոցները, սմարթֆոնները, պողպատը, ալյումինը և ավտոպահեստամասերը, ազատվել են վերջերս Վաշինգտոնի հայտարարած 10% լրացուցիչ մաքսատուրքից։
Ակնկալվում է, որ մաքսատուրքից ազատումը մրցակցային առավելություն կտա հնդիկ արտահանողներին այն պայմաններում, երբ բիզնեսը բախվում է աճող առևտրային խոչընդոտների և ԱՄՆ-ի հետագա մաքսային քաղաքականության շուրջ անորոշության։
Նյու Դելին հայտնել է, որ շարունակում է բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ հնարավորինս շուտ ավելի լայն երկկողմ առևտրային համաձայնագիր կնքելու նպատակով։
Հնդկական արտահանման մնացած 55%-ի նկատմամբ կկիրառվի 10% լրացուցիչ մաքսատուրք։ Այնուամենայնիվ, նախարարությունը նշել է, որ Հնդկաստանի համար սահմանված մաքսատուրքերը շարունակում են ավելի ցածր լինել, քան ամերիկյան միջոցառումների ներքո հայտնված բազմաթիվ այլ երկրների նկատմամբ կիրառվող դրույքաչափերը։
Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների շուրջ բանակցություններն ընթանում են անցած տարվանից։ Փետրվարին ձեռք բերված նախնական համաձայնությունը նախատեսում էր հնդկական ապրանքների նկատմամբ 18% մաքսատուրք։ Սակայն ԱՄՆ-ում հետագա իրավական զարգացումները, այդ թվում՝ Գերագույն դատարանի որոշումը, որով Թրամփի փոխադարձ մաքսատուրքերի համակարգն անվավեր ճանաչվեց, փոխեցին առևտրային միջավայրը։
Վերջին հայտարարությունը հնչում է նաև ջեներիկ դեղամիջոցների նկատմամբ ամերիկյան հնարավոր մաքսատուրքերի սահմանման շուրջ մտահոգությունների ֆոնին։ Նման քայլը բացասաբար կանդրադառնար հնդկական դեղագործական ընկերությունների վրա, որոնց համար ԱՄՆ-ը խոշորագույն արտահանման շուկան է։
Այս ամսվա սկզբին Հնդկաստանը մերժել էր այն ենթադրությունները, թե աշխատանքային օրենսդրության հետ կապված խնդիրների պատճառով երկրին կարող են ավելի բարձր մաքսատուրքեր սպառնալ։ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ ԱՄՆ-ը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, թե երկրում հարկադիր աշխատանքի դեմ պատշաճ պաշտպանության մեխանիզմներ բացակայում են։
