Իրանը չի տվել և չի տա Հորմուզի նեղուցը բացելու թույլտվություն
Իրանը պաշտոնապես հերքել է տեղեկությունները, թե իբր համաձայնել է վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իրանական բանակցային թիմում հայտարարել են, որ ջրային տարածքը բացելու վերաբերյալ որևէ թույլտվություն չի տրվել և չի տրվելու։ Երկրի ներկայացուցիչների խոսքերը փոխանցել է Fars գործակալությունը՝ հղում անելով պատվիրակության իր աղբյուրին։
«Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ որևէ համաձայնություն չկա, և այդ մասին հրապարակված լուրերը կեղծ են», – հայտարարել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը նաև նշել է, որ Քաթարի միջնորդների առաջարկն ընդունելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Միևնույն ժամանակ, իրազեկ ռազմական աղբյուրն ընդգծել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել թշնամական գործողությունները, նեղուցը կմնա փակ։
«Նավերի անցումը հնարավոր կլինի միայն նախապես հայտարարված երթուղով և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի թույլտվությամբ», – հավելել է աղբյուրը։
