ԿԲ-ն փոփոխություններ է սահմանել էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման փոփոխություններ՝ ուղղված առավել արդյունավետ և մրցակցային միջավայրի ձևավորմանը:
Կատարած փոփոխություններով հանվել է էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ (դրամապանակ) բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալու պարտադիր պահանջը։ Միաժամանակ հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների լիցքավորումն ու մարումն իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլ նաև կանխիկ եղանակով:
Նոր մոտեցմամբ հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրությամբ սահմանված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի համաձայն՝ ապահովելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների լիարժեք պահպանումը:
Նոր կարգավորման արդյունքում հաճախորդների համար էականորեն պարզեցվում է էլեկտրոնային փողի օգտագործումը․ այն դառնում է ավելի արագ և հարմար՝ հատկապես այն անձանց համար, ովքեր չեն օգտվում բանկային հաշիվներից կամ վճարային քարտերից։
Վճարահաշվարկային կազմակերպությունների համար ձևավորվում է ավելի մրցակցային և հավասար դաշտ․ նրանք հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց ծառայությունների շրջանակը, նվազեցնել գործառնական կախվածությունը բանկային ենթակառուցվածքներից։
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է՝
- ընդլայնել էլեկտրոնային փողի օգտագործման հասանելիությունը,
- ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ֆինանսական կազմակերպությունների համար,
- խթանել նորարարական վճարային լուծումների զարգացումը:
Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում կավելանա էլեկտրոնային փողի կիրառման տարածվածությունը, կբարելավվի շուկայում մրցակցությունը և կձևավորվի առավել արդյունավետ և ներառական վճարային միջավայր:
