Volkswagen-ը գտել է ԵՄ-ի՝ արտանետումների համար հսկայական տուգանքներից խուսափելու միջոցը
2025 թվականից ԵՄ-ում գործում է նոր մարդատար ավտոմեքենաների համար CO₂ արտանետումների սահմանաչափ՝ 93.6 գրամ` մեկ կիլոմետրի հաշվով։ Անցած տարվա արդյունքներով Volkswagen Group-ը չի կարողացել տեղավորվել այս սահմանաչափի մեջ․ խմբի միջին ցուցանիշը կազմել է 100 գրամ։ Իսկ առջևում ավելի խիստ թիրախ է․ հաջորդ տասնամյակի սկզբին արտադրողները ստիպված կլինեն արտանետումները հասցնել մինչև 50 գրամի։
Սահմանված նորմատիվները խախտող ընկերություններին լուրջ պատիժ է սպառնում։ Ինչպես գրում է Handelsblatt-ը, յուրաքանչյուր ավտոմեքենայի համար, որի պատճառով գերազանցվել է սահմանված նորմը, ընկերությունները պետք է վճարեն 95 եվրո։
Volkswagen Group-ի ներսում հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Porsche-ի համար։ Բրենդի էլեկտրամոբիլների վաճառքները թույլ են ընթանում, ուստի գոյատևելու համար ընկերությունը ստիպված է եղել կենտրոնանալ բենզինային և հիբրիդային մոդելների վրա։ Դրա հետևանքով ամբողջ խմբի միջին արտանետումների ցուցանիշը սկսել է աճել։
Հսկայական տուգանքներից խուսափելու համար կոնցեռնը նոր լուծում է գտել․ Porsche-ը միավորել չինական Xpeng ստարտափի հետ, այսպես կոչված, «կանաչ» միասնական խմբում։ Նման սխեման արդեն կիրառվում է այլ ավտոարտադրողների կողմից․ նրանք իրենց արտանետումները հաշվարկում են ավելի մաքուր գործընկերների հետ համատեղ՝ այդպիսով խուսափելով սեփական մոդելային շարքի փոփոխությունից։
Xpeng-ի հետ համագործակցությունը պատահական չէ։ Ընկերությունները համատեղ մշակում են CMP պլատֆորմը, իսկ Volkswagen-ն արդեն իր էլեկտրամոբիլներում ներդրել է չինական ընկերության էլեկտրական ճարտարապետությունը։ Բացի այդ, գերմանական կոնցեռնին է պատկանում Xpeng-ի բաժնետոմսերի գրեթե 5%-ը, ինչը գործընկերությունը դարձնում է միանգամայն տրամաբանական։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

