Maybach-ը ներկայացրել է Լեբրոն Ջեյմսի էսքիզներով ստեղծված ավտոմեքենան
Կալիֆոռնիայի Փեբլ-Բիչ քաղաքում անցկացվող ավտոմոբիլային շաբաթվա՝ Monterey Car Week-ի շրջանակում կայացել է Mercedes-Maybach S680-ի եզակի տարբերակի ցուցադրությունը։ Սա ավտոարտադրողի և NBA-ի քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսի համագործակցության նախագիծն է։ Ընկերության հայտարարության համաձայն՝ ներկայացված սեդանը դարձել է ապրանքանիշի տաղավարի գլխավոր ցուցանմուշը և գրեթե ամբողջությամբ կրկնում է մարզիկի անձնական ավտոմեքենան։
MANUFAKTUR ստորաբաժանման մասնագետները վերափոխել են 2026 թվականի գարնանը ներկայացված S-Class-ի հիման վրա ստեղծված մոդելի արտաքին տեսքը։ Թափքն ու անիվների սկավառակները ներկվել են բաց բեժ մարգարտափայլ երանգով՝ ապահովելով գծերի և գույների ներդաշնակ համադրություն։ Բացի այդ, դիզայներները ստանդարտ V12 տարբերանշանները փոխարինել են բասկետբոլիստի «LJ» մոնոգրամով խորհրդանշաններով։
Սրահը նույնպես տպավորիչ է։ Նստատեղերն ու վահանակները պատված են Stormy Weather անվանումով խորը կապտա-մոխրագույն երանգի Nappa կաշվով՝ կաթնագույն կարերով։ Սև դաշնամուրային լաքապատ ներդիրները զարդարված են Flowing Lines դեկորատիվ նախշով։ Գրեթե յուրաքանչյուր մակերեսի վրա առկա է Լեբրոնի սկզբնատառերի փորագրություն, իսկ կենտրոնական թունելի վրա նշված են Ակրոնի՝ հայտնի մարզիկի հայրենի քաղաքի ճշգրիտ GPS կոորդինատները։ Այս լուծումը մեքենան վերածում է յուրօրինակ հուշանվերի։
Ծածկի տակ տեղադրված է 6,0-լիտրանոց V12 շարժիչ՝ 621 ձիաուժ հզորությամբ և 899 Նմ ոլորող մոմենտով, որը զուգակցված է իննաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ։ Լիաքարշ սեդանը 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4.3 վայրկյանում, ինչը ներկայացուցչական դասի ավտոմեքենայի համար կարելի է համարել գերազանց դինամիկ ցուցանիշ։
Առաջիկա օրերին եզակի ավտոմեքենան կհանվի Future Classics աճուրդային տան վաճառքին, որն աճուրդն անցկացնում է հենց Փեբլ-Բիչում։ Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կազմակերպիչները կփոխանցեն LeBron James Family Foundation բարեգործական հիմնադրամին, որն արդեն մի քանի տարի օգնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների դպրոցականներին բարձրագույն կրթություն ստանալ ԱՄՆ-ում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

