Volkswagen-ի տնօրենների խորհուրդը հաստատել է 50 հազար աշխատատեղի կրճատման ծրագիրը
Volkswagen-ի տնօրենների խորհուրդը հաստատել է օպտիմալացման ծրագիրը, որը նախատեսում է մինչև 50 հազար աշխատատեղի կրճատում և Գերմանիայում գտնվող չորս գործարաններում ավտոմեքենաների արտադրության դադարեցում, հաղորդում է Associated Press-ը։
Կոնցեռնի տվյալներով՝ որոշումն ընդունվել է խմբի ղեկավար Օլիվեր Բլումեի ծրագրի շրջանակում, որի նպատակն է բարձրացնել ընկերության մրցունակությունը՝ չինական ավտոարտադրողների կողմից աճող ճնշման և ԱՄՆ մաքսային քաղաքականության հետևանքների պայմաններում։
Ընկերությունում նշել են, որ ծրագիրը նախատեսում է մոդելային շարքի կրճատում մոտ 50%-ով, ինչպես նաև Էմդենում, Ցվիկաուում, Հանովերում և Նեկկարցուլմում գտնվող արտադրական հարթակների ծանրաբեռնվածության վերանայում։ Volkswagen-ը նշում է, որ Եվրոպայում ունի մոտ 500 հազար ավտոմեքենայի արտադրությանը համարժեք ավելցուկային հզորություններ։
Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ աշխատակազմի թվաքանակի վերանայումը կազդի մոտ 50 հազար հաստիքի վրա՝ ներառյալ ղեկավար պաշտոնները։ Զուգահեռաբար նախատեսվում է պարզեցնել կառավարման կառուցվածքները և կրճատել որոշումների կայացման շղթաները։
Աշխատակիցների ներկայացուցիչները, որոնք վերահսկիչ խորհրդում զբաղեցնում են տեղերի կեսը, ավելի վաղ քննադատել էին առաջարկվող միջոցները, սակայն աջակցել են ծրագրին։ Արտադրական խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն ծրագիրը անվանել է անհրաժեշտ՝ կոնցեռնի երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար։
Ստորին Սաքսոնիայի կառավարությունը, որը բաժնեմաս ունի Volkswagen-ում և երկու տեղ է զբաղեցնում խորհրդում, նույնպես աջակցել է նախաձեռնությանը։ Տարածաշրջանի վարչապետ Օլաֆ Լիսը հայտարարել է, որ ընկերությունը կանգնած է «լուրջ մարտահրավերների» առջև և վերափոխման կարիք ունի։
Volkswagen-ը, որտեղ աշխատում է մոտ 650 հազար մարդ, ավելի վաղ հայտնել էր առաջին կիսամյակում զուտ շահույթի 30%-ով նվազման մասին՝ Չինաստանում վաճառքների անկման ֆոնին։ Խմբի կազմում են Audi, Skoda, Porsche և SEAT ապրանքանիշերը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

