Չինաստանն օգոստոսին արտահանել է ավտոմեքենաների ռեկորդային քանակ
Օգոստոսին Չինաստանը տարեկան կտրվածքով 77.5%-ով ավելացրել է մարդատար ավտոմեքենաների արտահանումը։ Ինչպես Reuters-ն է փոխանցում՝ հղում անելով Չինաստանի մարդատար ավտոմեքենաների արտադրողների ասոցիացիայի (CPCA) տվյալներին, արտասահման մատակարարումների ծավալը հասել է ռեկորդային՝ 894 հազար միավորի։
Գործակալության տվյալներով՝ հուլիսին արտահանման աճը տարեկան արտահայտությամբ կազմել էր 88.2%։ Միևնույն ժամանակ Չինաստանի ներքին շուկայում ավտոմեքենաների պահանջարկը նվազում է արդեն 11 ամիս անընդմեջ․ օգոստոսին վաճառքները կրճատվել են 23.7%-ով՝ կազմելով 1.55 մլն միավոր, մինչդեռ հուլիսին անկումը կազմել էր 21.1%։
Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ցույ Դունշուն կանխատեսում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Չինաստանի ավտոմոբիլային արտահանման ծավալը կկազմի 12 մլն միավոր։ Նա հավելել է, որ մինչև 2030 թվականը ակնկալում է տարեկան մատակարարումների աճ մինչև 18-20 մլն ավտոմեքենա։
Չինական ընկերություններն էլ ավելի ակտիվ են դիտարկում արտասահմանյան շուկաներ դուրս գալու հնարավորությունները։ Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին Բեռլինում անցկացվող IFA 2026 ցուցահանդեսում Xiaomi-ն հայտարարել է, որ 2027 թվականին կսկսի իր էլեկտրամեքենաների վաճառքը Եվրոպայում։
Բացի այդ, հունիսին SAIC Motor ավտոարտադրողը հաստատել է Իսպանիայի Գալիսիա շրջանում MG ապրանքանիշի ներքո նոր գործարան կառուցելու պաշտոնական ծրագրերը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

