Քննարկվել են Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակներում քննարկվել է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և այս ենթատեքստում` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հետագա համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: