Նոր Lexus LS․ ի՞նչ է փոխվել
Lexus LS-ի ներկայիս սերունդը շուկա է դուրս եկել մոտ տասը տարի առաջ։ Այդ ընթացքում ճապոնական մոդելի հիմնական մրցակիցները՝ Mercedes-Benz S-Class-ը և BMW 7-Series-ը, բազմիցս ենթարկվել են խորը արդիականացման։ Սակայն Lexus-ը հիմնականում սահմանափակվել է կետային փոփոխություններով։ Ընկերությունն այժմ նույնպես չի հրաժարվել այս մոտեցումից։
Նոր Lexus LS-ը Ճապոնիայում ներկայացվել է 14.14 մլն իենից սկսվող գնով։ Ինժեներները կատարելագործել են ավտոմեքենայի կառուցվածքը՝ տեղադրելով լրացուցիչ ուժեղացուցիչներ, ինչպես նաև բարձրացնելով հետևի կախոցի և բեռնախցիկի հատվածի ամրությունը։ Ճապոնական ընկերության պնդմամբ՝ այս փոփոխությունները կբարելավեն մեքենայի կառավարելիությունը և կբարձրացնեն հարմարավետությունը։
Միաժամանակ Lexus-ը ֆլագմանային սեդանի համար հրաժարվել է 3.4-լիտրանոց երկտուրբո շարժիչից, որը զարգացնում էր մինչև 420 ձիաուժ հզորություն և աշխատում էր 10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ։ Այժմ LS-ը համալրվում է բացառապես հիբրիդային ուժային համակարգով, որի հիմքում 3.5-լիտրանոց մթնոլորտային շարժիչն է և երկու էլեկտրաշարժիչները։ Այս ագրեգատները միասին զարգացնում են մինչև 354 ձիաուժ հզորություն և ապահովում են բարձր կայունություն արագընթաց շրջադարձեր անցնելիս։
Մրցակիցների համեմատ՝ Lexus LS-ը գրեթե չի փոխվել, սակայն այս փոփոխությունները ճապոնական մոդելի համար վերջին 10 տարիների ընթացքում իրականացված ամենածավալուն արդիականացումներից են։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

